Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրենը մասնակցել է Ղրղզստանում տեղի ունեցած մի շարք միջոցառումների
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը՝ Ղրղզստանի ավանդների պաշտպանության գործակալության հրավերով, ս․թ․ օգոստոսի 10-12-ը մասնակցել է հետևյալ միջոցառումներին․
- ԵԱՏՄ անդամ երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստին։ Միաժամանակյա առկա և հեռակա նստաշրջանին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նիստի հաստատմանն են ներկայացվել շուրջ 20 փորձագիտական եզրակացություն, որոնք մշակվել էին, հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների գործող օրենսդրությունները և Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայիի կողմից մշակված ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքները։
Հ․ Հարությունյանի կողմից ներկայացվել է «Հետադարձ պահանջի իրավունք կամ միջոցների վերականգնման» թեման, որը քննարկվում էր առաջին անգամ։ Առաջին անգամ էին քննարկվում նաև «Միջոցների օգտագործման ձևերը, ուղիները» և «Ավանդներ ապահովագրողների դերը բանկին/բանկերին սնանկության հանգեցնելու պատասխանատվությունը՝ պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը» թեմաները։
- Ղրղզստանի ավանդների պաշտպանության գործակալության հիմնադրման 15-ամյակին նվիրված «Տեղեկատվական նորարարությունները և Ղրղզստանի Հանրապետությունում ավանդների պաշտպանության համակարգի զարգացման հեռանկաները» թեմայով կլոր սեղանին։ Բացի ԵԱՏՄ-անդամ երկրների ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ներկայացուցիչներից կլոր սեղանին մասնակցել են և զեկույցներով հանդես են եկել նաև Ղրղզստանի ազգային բանկի, առևտրային բանկերի և ֆինանսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները։