

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «BRAIN RING» ԱՄԵՆԱՄՅԱ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ
2022թ․ մայիսի 24-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը: Մրցույթի նպատակը ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։
Մրցույթում հաղթող ճանաչվեց Տավուշի մարզը ներկայացնող թիմը՝ առաջին հորիզոնական, Լոռու մարզը ներկայացնող թիմը՝ երկրորդ հորիզոնական, Արմավիրի մարզը ներկայացնող թիմը՝ երրորդ հորիզոնական։ Հաղթողները ստացան Գրիգոր Տաթևացու, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գևորգ Չավուշի անվան հուշադրամներ և գրքեր ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Հատուկ հարցեր հնչեցվեցին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։ Հարցերին ճիշտ պատասխանածներն արժանացան այդ կառույցների հատուկ մրցանակներին, նրանց շարքում էին Մերի Գևորգյանը, Նելլի Միտիչյանը և Գոռ Եղիազարյանը։
Գոռ Եղիազարյանը և չորրորդ հորիզոնականը գրաված Արարատի մարզը ներկայացնող Այնթափի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցի թիմը պարգևատրվեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հատուկ մրցանակներով։